Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Անձնական վնասներ

Անձնական վնասների շարքում ներառվում են`
  1. տուժողի առողջության վերականգնման հետ կապված ծախսեր
  2. տուժողի առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած աշխատավարձ (եկամուտներ)
  3. տուժողի մահվան հետ կապված ծախսեր

1. Տուժողի առողջության վերականգնման առնչությամբ ծախսերը կապված են՝
  • տուժողին առաջին բժշկական օգնության ցուցաբերման հետ,
  • տուժողին բժշկական կամ վերականգնողական հաստատություններ տեղափոխելու հետ,
  • բժշկական կամ վերականգնողական հաստատություններում պահելու, ախտորոշելու, բուժման և առողջության վերականգնման հետ կապված միջոցառումների հետ,
  • բժշկի ցուցումով բուժման շարունակականության ապահովմանն ուղղված միջոցառումների հետ,
  • բժշկի ցուցումով դեղեր ձեռք բերելու հետ,
  • պրոթեզավորման հետ,
  • անվասայլակի, տեխնիկական այլ միջոցների ձեռքբերման առնչությամբ իրականացված միջոցառումների հետ։

Տուժողն իրավունք ունի նաև բժշկական օգնություն ստանալու կամ առողջությունը վերականգնելու ՀՀ տարածքից դուրս։

Ուշադրություն
ՀՀ-ում տուժողի առողջությանը պատճառված վնասի համար ապահովագրական հատուցումը վճարվում է անմիջապես բժշկական հաստատությանը, իսկ ՀՀ տարածքից դուրս բժշկական օգնություն ստանալու կամ առողջությունը վերականգնելու հետ կապված ծախսերը վճարվում են տուժողին` միայն նրա կողմից կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը ապահովագրական ընկերությանը կամ Բյուրոյին ներկայացնելու դեպքում։


Այս նպատակով Բյուրոն սահմանում է`
  • տուժողների առողջությանը պատճառված այն վնասների ցանկը, որոնց դեպքում նրանց բժշկական օգնությունը կամ առողջության վերականգնումը ՀՀ տարածքում հնարավոր չէ արդյունավետ իրականացնել,
  • ՀՀ տարածքից դուրս գործող բժշկական այն հաստատությունների ցանկը, որոնց կողմից տուժողի առողջությանը պատճառված այդպիսի վնասների դեպքում բժշկական օգնություն ցուցաբերելու կամ նրա առողջությունը վերականգնելու դիմաց տուժողն իրավունք ունի ստանալու օրենքով նախատեսված ապահովագրական հատուցում։

Լրացուցիչ պարզաբանումներ

  • Եթե տուժողին պատճառված վնասը ներառված չէ Բյուրոյի կողմից սահմանված վնասների ցանկում, սակայն տուժողը բժշկական օգնությունն ստացել է կամ առողջության վերականգնումն իրականացրել է ՀՀ տարածքից դուրս, ապա ապահովագրական հատուցումը (բացառությամբ բժշկի ցուցումով բուժման շարունակականության ապահովմանն ուղղված միջոցառումների, դեղեր ձեռք բերելու, պրոթեզավորման, անվասայլակի, տեխնիկական այլ միջոցների ձեռքբերման հետ կապված ծախսերի, ինչպես նաև այլ ծախսերի) նրան վճարվում է այն չափով, որքանով կհատուցվեր բժշկական օգնությունը կամ առողջության վերականգնումը ՀՀ տարածքում իրականացնելու դեպքում, բայց ոչ ավելի, քան դրա համար փաստացի կատարված ծախսերը,
  • Եթե տուժողին պատճառված վնասը ներառված է Բյուրոյի կողմից սահմանված վնասների ցանկում, սակայն տուժողի բժշկական օգնությունը կամ առողջության վերականգնումն իրականացվում է ՀՀ տարածքից դուրս գործող և Բյուրոյի կողմից սահմանված բժշկական հաստատությունների ցանկում չներառված բժշկական հաստատությունում, ապա օրենքով նախատեսված ապահովագրական հատուցումը (բացառությամբ բժշկի ցուցումով բուժման շարունակականության ապահովմանն ուղղված միջոցառումների, դեղեր ձեռք բերելու, պրոթեզավորման, անվասայլակի, տեխնիկական այլ միջոցների ձեռքբերման հետ կապված ծախսերի, ինչպես նաև այլ ծախսերի) նրան վճարվում է այն չափով, որքանով կհատուցվեր համապատասխան բժշկական օգնությունը կամ առողջության վերականգնումը Բյուրոյի կողմից սահմանված բժշկական հաստատությունների ցանկում ներառված բժշկական հաստատությունում իրականացնելու դեպքում, բայց ոչ ավելի, քան դրա համար փաստացի կատարված ծախսերն են։


2.Տուժողի առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտները) ՀՀ օրենսդրության համաձայն տուժողին հատուցվում է անաշխատունակության ողջ ժամանակահատվածի համար։
Կորցրած աշխատավարձի (եկամուտների) հատուցումը դադարեցվում է, եթե`
  • վերականգնվել է տուժողի աշխատունակությունը.
  • սպառվել է ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը։

3. Տուժողի մահվան դեպքում հատուցվում է տուժողի մահվան հետևանքով վնասների հատուցման իրավունք ունեցող անձանց կրած վնասները։
Մասնավորապես, այդպիսի հատուցման իրավունք ունեն`
1) Կերակրողին կորցրած անձինք, այն է`
  • տուժողի խնամքի ներքո գտնվող կամ նրա մահվան օրը նրանից խնամք ստանալու իրավունք ունեցող անաշխատունակ անձինք,
  • տուժողի մահվանից հետո ծնված նրա երեխան,
  • տուժողի ծնողներից մեկը, ամուսինը կամ ընտանիքի անդամը` անկախ նրա աշխատունակությունից, որը չի աշխատում և զբաղված է տուժողի խնամքի ներքո գտնվող նրա 14 տարեկան չդարձած կամ թեկուզև նշված տարիքին հասած, սակայն բժշկական մարմինների եզրակացությամբ իր առողջական վիճակով կողմնակի խնամքի կարիք ունեցող երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով.
  • տուժողի խնամքի ներքո գտնվող և նրա մահվանից հետո 5 տարվա ընթացքում անաշխատունակ դարձած անձինք:
2) տուժողի հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերը կատարած անձինք:

Տուժողի հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերը կատարած անձանց այդ ծախսերը փոխհատուցվում են միանվագ` ապահովագրական հատուցումը վճարելու մասին ապահովագրողի որոշումն ընդունվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Կերակրողին կորցրած անձանց վնասը հատուցվում է ամենամսյա վճարումների տեսքով հետևյալ ժամկետներում`
  • անչափահասներին` մինչև 18 տարեկան դառնալը.
  • 18 տարեկանից բարձր տարիքի սովորողներին` մինչև ցերեկային ուսուցման ձևով ուսումնական հաստատություններում ուսման ավարտը, սակայն ոչ ավելի, քան մինչև 23 տարեկան դառնալը.
  • 55 տարեկանից մեծ կանանց և 60 տարեկանից մեծ տղամարդկանց` ցմահ.
  • հաշմանդամներին` հաշմանդամության ժամանակ.
  • ծնողներից մեկին, ամուսնուն կամ ընտանիքի այլ անդամին, որն զբաղված է մահացածի խնամքի տակ գտնվող նրա երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով` մինչև վերջիններիս 14 տարեկան դառնալը, իսկ այդ ընթացքում անաշխատունակ դառնալու դեպքում` նաև խնամքի ավարտից հետո:
Ուշադրություն
Բոլոր դեպքերում, հատուցման վճարումը դադարեցվում է, եթե սպառվել է ապահովագրական գումարը: Ընդ որում, այդ հաշվարկի մեջ ընդգրկվում են տվյալ տուժողի մահվան հետևանքով բոլոր աձանց վճարված հատուցումները, ինչպես նաև հենց տուժողին մինչև նրա մահը հատուցված գումարները` կապված տվյալ պատահարի հետևանքով նրա առողջությանը վնաս պատճառվելու և (կամ) աշխատավարձ (եկամուտ) կորցնելու հետ:

Տուժողի հուղարկավորության ծախսերը կատարած անձանց ապահովագրական հատուցումն իրականացվում է հուղարկավորության կատարման համար նրա կատարած անհրաժեշտ ծախսերի չափով` անկախ դրա համար նպաստ ստացած լինելու հանգամանքից:
Կերակրողին կորցրած անձանց վնասը հատուցվում է տուժողի աշխատավարձի (եկամտի) (ներառյալ` կենսաթոշակի և այլ նմանօրինակ վճարների) այն մասի չափով, որը վերջինի կենդանության օրոք նրանք ստանում էին կամ ստանալու իրավունք ունեին իրենց ապրուստի համար: Ընդ որում, հատուցման չափը որոշելիս հաշվի չի առնվում կերակրողին կորցրած անձանց կողմից ստացվող ցանկացած եկամուտը` ներառյալ այն կենսաթոշակը և թոշակի այլ տեսակները, որոնք նրանք ստանում են` կապված կերակրողին կորցնելու հետ:
Կերակրողին կորցրած անձանց պատճառված վնասի հատուցման գումարը կյանքի թանկացման դեպքում, օրենքով սահմանված կարգով, ինդեքսավորվում է, իսկ նվազագույն աշխատավարձի չափը բարձրանալու դեպքում մեծանում է աշխատավարձի նվազագույն չափի բարձրացմանը համամասնորեն:

Կերակրողին կորցրած անձանց համար սահմանված հատուցման չափը վերահաշվարկվում է միայն հետևյալ դեպքերում`
  • տուժողի մահվանից հետո երեխա է ծնվել.
  • տուժողի երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով զբաղված անձանց հատուցում է նշանակվել կամ դադարեցվել է նշանակված հատուցումը:

Թարմացվել է՝ 25.10.2021 17:02:40