Կանոնների գրանցում 23.10.2015 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հոկտեմբերի 21-ին գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» RL 1-017 և ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցումների վճարման» RL 1-018 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները: Կանոններում կատարված փոփոխություններով և լրացումներով մասնավորապես՝
• վերանայվել է անձնական վնասների դեպքում բուժօգնության հետ կապված ծախսերի հատուցման համար ապահովագրական ընկերությանը/Բյուրոյին ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ բացառելով ավելորդ փաստաթղթերի ներկայացման պարտականությամբ տուժողներին ծանրաբեռնումը,
• փոփոխվել է տուժողների առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած աշխատավարձի (եկամուտների) հաշվարկում կիրառվող աշխատավարձի (եկամուտների) նվազագույն չափը, ինչը պայմանավորված է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարման հետ, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հուլիսի 1-ից,
• սահմանվել է փորձաքննության արդյունքների մասին շահագրգիռ անձանց ծանուցման միասնական օրինակելի ձև, որը ապահովում է շահագրգիռ անձանց իրենց իրավունքների մասին պատշաճ իրազեկումը: Գրանցված RL 1-017 և RL 1-018 կանոնների փոփոխությունները, լրացումները ուժի մեջ են մտնելու 31.10.2015 թ.-ին: