Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության (խարդախության) եվս մեկ դեպք 12.10.2017 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն, շարունակելով ԱՊՊԱ ոլորտում զեղծարարությունների (խարդախությունների) կանխարգելման և բացահայտման հետ կապված իր գործառույթները, ստորև ներկայացնում է ԱՊՊԱ ոլորտում բացահայտված զեղծարարության ևս մեկ դեպք՝ ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի տվյալների, մասնավորապես՝ Կոլյա Իշխանիկի Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, իր կողմից վարած «ՎԱԶ 2121» մակնիշի 33 UP 365 հաշվառման համարանիշի ավտոմոբիլով Երևան-Արտաշատ ավտոճանապարհի՝ Արարատի մարզի Արևաբույր գյուղի վարչական տարածքում, ընթանալով դեպի Արտաշատ քաղաքի ուղղությամբ, իր կողմից վարած ավտոմոբիլի աջ կողային հատվածով բախվելով Ա․ Ա․-ի կողից վարած «Լ․» ՍՊԸ-ին պատկանող «ՖԱՎ» մակնիշի ավտոբուսի հետևի ձախ անկյունային հատվածին, այնուհետև դուրս գալով հանդիպակած գոտի և բախվելով Գ․ Դ․-ի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմոբիլի ձախ կողային հատվածին և չունենալով իր կողմից վարած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն, խարդախությամբ՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով, կեղծ փաստեր հաղորդելով փորձել է «Արմենիա Ինշուրանս» ՍՊԸ-ից հափշտակել խոշոր չափերով՝ 1.870.000 ՀՀ դրամ, այն է՝ վթարից անմիջապես հետո՝ 2016թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:28-ին Արարատի մարզի Մրգանուշ գյուղի Բաղրամյան փողոցի 2-րդ հասցեում, «Արմենիա Ինշուրանս» ՍՊԸ-ի գործակալ Գ․ Շ․-ի միջոցով կնքել է իր վարած տրանսպորտային միջոցի ապահովագրության պայմանագիր, որից հետո՝ ժամանելով դեպքի վայր, ժամը 16:03-ին զանգահարել է «Արմենիա Ինշուրանս» ՍՊԸ-ի կոնտակտ կենտրոն և միայն նոր այդ ժամանակ հայտնել վթարի մասին, ընդունել իր մեղավորությունը, իսկ 2016թ. դեկտեմբերի 19-ին Գ․ Դ․-ն այնուհետև 2017թ. հունվարի 11-ին «Լ․» ՍՊԸ-ի ներկայացուցիչը գույքային դիմումներ են ներկայացրել համապատասխանաբար 1.800.000 ՀՀ դրամ և 70.000 ՀՀ դրամ հատուցումներ ստանալու համար, սակայն նշված հանգամանքը պարզվել է «Արմենիա Ինշուրանս» ՍՊԸ-ի անվտանգության աշխատակիցների կողմից և Կոլյա Ալեքսանյանն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Կոլյա Ալեքսանյանը մեղավոր ճանաչվեց հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակվեց պատիժ տուգանքի ձևով՝ 500.000 ՀՀ դրամ չափով: Արդյունքում, ոչ միայն ապահովագրական ընկերությունը հատուցում չվճարեց զեղծարարության փորձ կատարած անձի փոխարեն, այլև այդ անձը կրեց ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հետևանքները: 

Հարգելի վարորդներ և ավտոսեփականատերեր, 
Եվս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ ապահովագրական զեղծարարություններ իրականացնելուց և հավաստիացնում ենք, որ նման դեպքերի նկատմամբ լինելու ենք հետևողական՝ ի շահ ԱՊՊԱ համակարգի կայունության և բարեխիղճ հաճախորդների շահերի պաշտպանության: ԱՊՊԱ ոլորտում առկա են բոլոր անհրաժեշտ իրավական կարգավորումներն ու տեխնիկական հնարավորությունները ինչպես զեղծարարությունների բացահայտման, այնպես էլ զեղծարարների նկատմամբ համապատասխան հետևանքներ կիրառելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար:
 Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

Թարմացվել է՝ 12.10.2017 11:39:55