Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների ազատականացում 10.03.2023


 

Ներդրման պահից Հայաստանում ԱՊՊԱ շուկան անցել է զարգացման հաջորդական փուլերով։ Ներմուծվել են տարբեր բաղադրիչներ, մասնավորապես՝ Բոնուս-Մալուս համակարգը, ուղիղ հատուցումները, միասնական էլեկտրոնային տեղեկատվական հարթակը և այլն։ Այս բոլոր փոփոխությունները միտված են եղել բարելավելու ծառայությունը՝ դարձնելու հատուցումները կրած վնասներին համարժեք, պայմանագիր կնքելու և հատուցում ստանալու գործընթացներն առավել դյուրին և արագ, ինչպես նաև առավել վերահսկելի ու թափանցիկ։

Նշված բարեփոխումների իրականացումը, ինչպես նաև արժանահավատ ու ամբողջական վիճակագրական տվյալների հավաքագրումը թույլ է տվել ստեղծել անհրաժեշտ պայմաններ գների ազատականացման արդյունքում ինչպես սպառողների շահերի պաշտանվածության, այնպես էլ ապահովագրական շուկայի արդյունավետության ու ֆինանսական կայունության ապահովման համար։

Ըստ այդմ, դեռևս նախորդ տարվա սկզբին հայտարարվել է և որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի ապրիլի 1-ից ազատականացնել ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարները՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը՝ հաճախորդներին առաջարկելու սեփական մոդելի հիման վրա գին-որակ համադրությամբ ծառայություններ:

Հարկ ենք համարում նշել, սակայն, որ ապահովագրավճարների ազատականացման պայմաններում Բյուրոն շարունակելու է պատասխանատու մնալ շարունակական վերահսկողության համար, որպեսզի առավելագույնս բացառվեն անհամաչափ գների սահմանման դեպքերը: Մասնավորապես, հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն չափերը, ինչպես նաև Բոնուս-Մալուս համակարգի մեթոդաբանությունը սահմանվում են Բյուրոյի կողմից, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրավճարների հաշվարկման հիմքում դրվող գնագոյացման մոդելներն ու դրանց փոփոխությունները կարող են կիրառվել բացառապես Բյուրոյի հետ համաձայնեցվելուց հետո։

Այս առումով հարկ ենք համարում նշել, որ սույն թվականի ապրիլի 1-ից ապահովագրական ընկերությունների կողմից սահմանված և Բյուրոյի հավանությանն արժանացած գնագոյացման մոդելների կիրառման արդյունքում ընդհանուր շուկայի ապահովագրավճարներն էական փոփոխության չեն ենթարկվի։ Ավելին, եթե բոլոր ապահովադիրներն ընտրեն կոնկրետ իրենց համար լավագույն գնառաջարկը ներկայացրած ապահովագրական ընկերությանը, ապա ապահովագրավճարների ընդհանուր պարտֆելը ոչ միայն չի աճի, այլ նույնիսկ կնվազի։

Տեղեկացնում ենք նաև, որ ԱՊՊԱ ապահովագրավճարների ազատականացումից առնվազն տասն օր առաջ ապահովագրական ընկերություններն իրենց պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու են․

  •   իրենց մոդելներում հիմք ընդունված ցուցանիշները (հիմնական և բազային ԱՊՊԱ ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն չափերը, ռիսկայնության գործոնները, ԱՊՊԱ պայմանագրի ժամկետից կախված կիրառվող կարգավորիչ գործակիցները),
  •   մոդելի հիման վրա ապահովագրաճարի չափը հաշվարկող էլեկտրոնային հաշվիչը, որով ցանկացած անձ կկարողանա ապահովագրավճարի մեծության վրա ազդող  պայմանների կամ իրեն ու համապատասխան ավտոտրանսպորտային միջոցը նույնականացնող տվյալների մուտքագրմամբ հաշվարկել տվյալ ապահովագրական ընկերությունից ձեռքբերվող ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարի չափը։

 

 

Վարորդները հնարավորություն կունենան արդեն իսկ գործող ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքումների հարթակում (www.aswa.am) ծանոթանալու բոլոր ընկերությունների կողմից առաջարկվող ապահովագրավճարներին և ընտրել իրենց համար առավել նպատակահարմար և մատչելի տարբերակը։

 

Թարմացվել է՝ 10.03.2023 16:22:35