Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հաճախ տրվող հարցեր

1.  Պարտավո՞ր եմ կնքել ԱՊՊԱ պայմանագիր ավտոմեքենան չշահագործելու դեպքում։

 

Քանի դեռ ավտոտրանսպորտային միջոցը հաշվառված է ՀՀ-ում՝ ԱՊՊԱ պայմանագիր ունենալը պարտադիր է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ավտոմեքենան փաստացի գտնվում է ՀՀ և ԼՂՀ տարածքներից դուրս, որի դեպքում ԱՊՊԱ պայմանագրի կնքման անհրաժեշտությունը բացակայում է: Այն դեպքում, երբ ավտոտրանսպորտային միջոցը չի շահագործվում, տուգանքներից խուսափելու համար առաջարկում ենք դիմել ճանապարհային ոստիկանություն՝ ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու նպատակով, որն անվճար գործընթաց է։ 



1.  Ի՞նչ տուգանքներ են սահմանված ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում։

 

ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր, առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5 000 ՀՀ դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100 000 ՀՀ դրամի չափով, իսկ առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված  գործող ԱՊՊԱ  պայմանագիր ունենալու` ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100 000 ՀՀ դրամի չափով:



Ո՞րքան ժամկետով է հնարավոր կնքել ԱՊՊԱ պայմանագիրը։

 

ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 3 ամիս ժամկետով, բացառությամբ ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված «տարանցիկ փոխադրում» և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների առևտրով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից վաճառքի համար ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների, որոնց վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 10 օր ժամկետով: Միևնույն ժամանակ ԱՊՊԱ պայմանագիրը կարող է կնքվել առավելագույնը մեկ տարի ժամկետով:



1.  Համաձայն չեմ առաջնային և/կամ լրացուցիչ փորձաքննության եզրակացության հետ։ Ինչպե՞ս բողոքարկեմ։

 

Առաջնային փորձաքննության եզրակացությունը կարող է բողոքարկվել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն պահանջելու միջոցով, իսկ լրացուցիչ փորձաքննության եզրակացությունը կարող է բողոքարկվել միայն կրկնակի փորձաքննություն պահանջելու միջոցով։ Նշված պահանջները պետք է ներկայացվեն բողոքարկվող փորձագիտական եզրակացությունը Ձեզ  ծանուցած ապահովագրական ընկերության միջոցով  սահմանված ձևի վրա ծանուցումն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 2 (լրացուցիչ փորձաքննության պահանջի դեպքում) և 5 (կրկնակի փորձաքննության պահանջի դեպքում) աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում, կրկնակի փորձաքննության պահանջի դեպքում հիշյալ ժամկետում պետք է վճարվի նաև կրկնակի փորձաքննության համար սահմանված վճարը։



Համաձայն չեմ կրկնակի փորձաքննության եզրակացության հետ։ Ինչպե՞ս բողոքարկեմ։

 

Կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով։



Դիմել եմ կրկնակի փորձաքննության իրականացման համար։ Քանի՞ օրում է իրականացվում տրանսպորտային միջոցի զննությունը։

 

Վնասված գույքի զննության իրականացման համար սահմանված է 3 աշխատանքային օր, որի հաշվարկն սկսվում է կրկնակի փորձաքննության նշանակման մասին ծանուցումը Ձեզ ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից։



Բոնուս-Մալուս դասը կիրառվում է սեփականատիրո՞ջ, թե՞ վարորդի նկատմամբ։

 

Բոնուս-Մալուս  համակարգը կիրառվում է այն անձի (ապահովադրի) նկատմամբ, ում անունից կնքվել է տվյալ տրանսպորտային միջոցի ԱՊՊԱ պայմանագիրը, որի կարգավիճակում դեպքերի մեծամասնությունում հանդես է գալիս տրանսպորտային միջոցի սեփականատերը։



Որտե՞ղ պետք է ներկայացնել ապահովագրական հատուցման դիմումը։

 

Ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմումը ներկայացվում է Ձեզ հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը, իսկ ԱՊՊԱ պայմանագրի բացակայության դեպքում՝ տվյալ պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերություններից ցանկացածին՝ Ձեր նախընտրությամբ, իսկ վերջինների բացակայության դեպքում՝ Ձեր նախընտրությամբ այլ ցանկացած ապահովագրական ընկերության։



Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել հատուցման դիմում գրելիս։

 

Ապահովագրական հատուցում ստանալու համար համապատասխան ապահովագրական ընկերությանը ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանված է «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների  Հավելված 5-ով, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://www.appa.am/datas/zlawdocs/c4f7d1abe6299aacb4717b2cc3f60010.pdf։



Ինչպե՞ս պարզեմ, թե ո՞ր ապահովագրական ընկերության հետ է կոնկրետ ժամանակահատվածում կնքված եղել տվյալ տրանսպորտային միջոցի ԱՊՊԱ պայմանագիրը։


Տեղեկատվությունն ստանալու համար կարող եք այցելել  https://aswa.am/vehicle-insurance հղումով։



Ինչպե՞ս կարող եմ փոխել ապահովագրական ընկերությունն, ում հետ ԱՊՊԱ պայմանագիր ունեմ կնքված։

 

Անհրաժեշտ է ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դիմում ներկայացնել պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ ապահովադրի կողմից պայմանագիրը միակողմանիորեն դադարեցվելու դեպքում պայմանագրի գործողության չլրացած ժամկետի համար վճարված ապահովագրավճարը կարող է վերադարձվել մասնակի։ Դիմումի ներկայացման կարգը և պայմանները սահմանված են «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների  Հավելված 4-ով, որին կարող եք ծանոթանալ https://www.appa.am/datas/zlawdocs/c4f7d1abe6299aacb4717b2cc3f60010.pdf   հղումով։



Ինչպե՞ս է կարգավորվում հատուցման գործընթացը, եթե վնաս պատճառող տրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտավորություն ունեցող անձն անհայտ է։

 

Տվյալ դեպքում հատուցման ենթակա են միայն տուժողներին պատճառված անձնական վնասները (առկայության դեպքում), իսկ պատահարի հետևանքով առաջացած գույքային վնասները ԱՊՊԱ համակարգում կարող են հատուցվել միայն այն դեպքում, երբ իրավասու մարմինների կողմից կհայտնաբերվի պատահարին մասնակից մեղավոր վարորդը։



Ինձ համար հասկանալի չէ իմ բոնուս մալուս  դասի  հաշվարկը, և ես ունեմ որոշակի անհամաձայնություններ։

 

Անհրաժեշտ է սահմանված ձևով ապահովագրական պատմության վերանայման դիմում ներկայացնել Ձեր տրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը վերջին անգամ ապահովագրած ապահովագրական ընկերությանը՝ դիմումում նշելով ապահովագրական պատմությունում արտացոլված այն տեղեկատվությունը, որի հետ կապված ունեք անհամաձայնություններ, և Ձեր նկատառումները դրա վերաբերյալ։



Փորձել եմ առցանց կնքել ԱՊՊԱ պայմանագիր։ Արդյունքում գումարը գանձվել է, սակայն ԱՊՊԱ պայմանագիրը չի կնքվել։ Ու՞մ պետք է դիմել։

 

Բացառիկ դեպքերում տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ այդպիսի դեպքեր հանդիպում են, ուստի ԱՊՊԱ պայմանագրի կնքումից հետո մշտապես ստուգեք պայմանագրում Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստը, և կնքված պայմանագիրը չստանալու դեպքում դիմեք այն ապահովագրական ընկերությանը, ում հետ կնքել եք պայմանագիրը, քանի որ միայն վերջինին է պատկանում փոխանցված գումարը վերադարձնելու իրավասությունը։



Ի՞նչ գործընթաց է տեղի ունենում, եթե ԱՊՊԱ պատահարում մեղավոր կողմը պատահարի պահին չի ունենում ԱՊՊԱ պայմանագիր։ Ու՞մ  նկատմամբ է Բյուրոն կիրառում հետադարձ պահանջի իրավունքը։

 

Եթե վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր, ապա Բյուրոն տուժողին վճարված հատուցման գումարի, ինչպես նաև հատուցման կարգավորման և դրանց հետստացման ուղղությամբ կատարված ծախսերի չափով հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում և վնաս պատճառած անձի, և վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ, ովքեր  Բյուրոյի նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ:



Արդյոք հատուցվու՞մ են վարորդի մարմնական վնասվածքներն ինքնավթարի դեպքում։

 

Ինքնավթարի դեպքում վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինչպես գույքին, այնպես էլ կյանքին և առողջությանը պատճառված վնասները չեն հատուցվում ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում։



Ինչպե՞ս իմանալ որքան է կազմում ապահովագրավճարը կատարված փոփոխություններից հետո։

 

Համաձայն 2022 թվականի փետրվարի 7-ից ուժի մեջ մտած փոփոխության՝

      ապահովադրի կողմից տվյալ ավտոմեքենայի գծով կնքված վերջին ԱՊՊԱ պայմանագրում նշված բազային ապահովագրավճարն ավելացել է 3000 ՀՀ դրամով

      նման պայմանագրի բացակայության դեպքում բազային ապահովագրավճարը  41 հազար ՀՀ դրամ է։

 Վերը նշված բազային ապահովագրավճարը բազմապատկվում է ապահովադրի վաստակած Բոնուս-Մալուս դասին համապատասխանող գործակցով։



Մեկ վթարի դեպքում, եթե ունեմ մեկ տրանսպորտային միջոց, որքա՞ն է թանկանալու ապահովագրավճարս կատարված փոփոխություններից հետո։

 

2022 թվականի մարտի 1-ից հետո տեղի ունեցած վթարների դեպքում մեղավոր կողմի Բոնուս- Մալուս դասի փոփոխությունը պայմանավորված է ոչ միայն իր կնքած պայմանագրի շրջանակներում տեղի ունեցած հատուցումների քանակով, այլև՝ հատուցված գումարի չափով։

Այսպես, մինչև 100000 դրամ հատուցված գումարի չափի դեպքում մալուսային դասն ավելանում է 3 դասով

100.001-200.000 դրամ՝ 4 դասով

200.001-500.000 դրամ՝ 5 դասով

500.001-1.000.000 դրամ՝ 6 դասով

1.000.001-1.800.000 դրամ՝ 7 դասով

1.800.001-ից ավել դրամ՝ 8 դասով                                                                

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://www.appa.am/index.php?al=bonus_malus



Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, եթե տեղի ունեցած պատահարի վերաբերյալ պատահաբար սխալ տվյալներ են արձանագրվել։

 

Անհրաժեշտ է լրացնել «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների հավելված 1-ի Ձև 11-ով նախատեսված տեղեկատվության ճշգրտման վերաբերյալ հայտարարություն և այն ներկայացնել Ձեր ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը՝ տվյալների փոփոխությանը Ձեզ հետ վերաբերող գործընթացների շրջանակներում համաձայնություն տալու համար։

 







Ինչպես վարվեմ, եթե վաճառել եմ ավտոտրանսպորտային միջոցս տարիներ առաջ, սակայն այժմ որպես մեքենայի սեփականատեր ոստիկանությունից ակտեր եմ ստանում: Հավանաբար Դուք պատշաճ կարգով չեք ձևակերպել առքուվաճառքի պայմանագիրը: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է գտնել տրանսպորտային միջոցի փաստացի գնորդին

Համաձայն չեմ իմ Բոնուս–Մալուս դասի հետ և ցանկանում եմ բողոքարկել այն: Բոնուս- Մալուս դասի բողոքարկման նպատակով անհրաժեշտ է գրավոր դիմել որևէ ապահովագրական ընկերություն կամ Բյուրո՝ լրացնելով ապահովագրական պատմության վերանայման համապատասխան դիմումի ձևը:

Ինչպես վարվեմ, եթե համաձայն չեմ մեղավորության կամ վնասի չափի հետ: Դուք իրավունք ունեք առաջնային փորձաքննության արդյունքների ծանուցման օրվանից հետո՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, կողմերի փոխադարձ համաձայնությամբ նշանակել լրացուցիչ փորձաքննություն կամ Բյուրո գրավոր դիմում ներկայացնելու միջոցով պահանջել կրկնակի փորձաքննության անցկացում:

Եթե ապահովագրական ընկերությունը փոխեմ, ինչպե՞ս է ինֆորմացիան փոխանցվելու իմ ապահովագրական պատմության վերաբերյալ: ԱՊՊԱ համակարգում գործում է միասնական ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ, որում պահվում է Ձեր ապահովագրական պատմության վերաբերյալ տեղեկատվություն անկախ ապահովագրական ընկերությունից: Տեղեկատվությունը փոխանցվում է այն ապահովագրական ընկերությանը, ում հետ Դուք մտադիր եք կնքել ԱՊՊԱ պայմանագիր:

Եթե նոր մեքենա գնեմ ու ապահովագրեմ, ապա նախկին մեքենայի ապահովագրական պատմությու՞նն են հաշվի առնելու ապահովագրավճար սահմանելիս: Ոչ, Բոնուս-Մալուս համակարգում դիտարկվում է միայն ապահովադրի ապահովագրական պատմությունը:

Եթե որոշակի ժամանակ չունենամ ԱՊՊԱ պայմանագիր, այսինքն` մեքենա չունենամ, հետո նորից մեքենա ձեռք բերեմ ու ԱՊՊԱ կնքեմ, ո՞նց է հաշվարկվելու ապահովագրավճարը, իմ նախկին ապահովագրական պատմությունը հաշվի առնվելու՞ է: Այո, Ձեր` որպես ապահովադրի ապահովագրական պատմությունը հաշվի է առնվում

Եթե ես վաճառեմ իմ` բազմիցս վթարի ենթարկված մեքենան ու գնեմ նոր մեքենա և այդ նոր մեքենայի համար կնքեմ պայմանագիր Մալուս կստանա՞մ: Բոնուս-Մալուս դասը կցվում է ապահովադրին անկախ մեքենայից:

Որքան ժամանակից է սկսում հաշվարկվել վարորդի ապահովագրական պատմությունը, որ կիրառվի այս համակարգը: 2013 թվականի հունվարի մեկից ...

Ես իրավունք ունեմ ի սկզբանե պայմանագիր կնքելիս հրաժարվել օգտվել Բոնուս- Մալուս համակարգից, թե՞ այն պարտադիր է, ինչպես ինքը` ԱՊՊԱ-ն: Բոնուս- Մալուս համակարգը պարտադիր գործում է` անկախ ապահովադրի ցանկությունից:

Ամենաշատը ինչքա՞ն կարող է ավելանալ ապահովագրավճարը, և ո՞ր դեպքերում: Ձեր ապահովագրավճարը առավելագույնը կարող է կրկնապատկվել:

Թարմացվել է՝ 27.12.2017 10:49:09