Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 13.05.2021 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մայիսի 11-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի մայիսի 22-ին, բացառությամբ Կանոններում հատուկ նշված դրույթների և տիպային ձևերում կատարված փոփոխությունների, որոնց տեխնիկական լուծումների ներդրումը դեռևս լիովին չի ապահովվել։ Վերջինների ուժի մեջ մտնելու մասով Բյուրոյի կողմից լրացուցիչ կծանուցվի։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է RL 1-001 կանոններ հղմամբ, որտեղ փոփոխությունները և լրացումները ընդգծված են։ Կանոններում մասնավորապես կատարվել են հետևյալ հիմնական փոփոխություն¬ները և լրացումները` 

 1. Հատուցման տարբեր գործընթացների համար հստակեցվել է ավտոտրանսպորտային միջոցը զննության ներկայացնելու հետ կապված ժամկետները՝ 2 աշխատանքային օր ստանդարտ փորձաքննությունների դեպքում և 1 աշխատանքային օր համաձայնեցված հայտարարագրով հատուցման գործընթացի դեպքում։ 
 2. Սահմանվել է, որ այսուհետ կնքվող ԱՊՊԱ պայմանագրերով ապահովագրավճարի հաշվարկման ժամանակ Բոնուս-Մալուս դեպք չեն համարվի այն ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքերը (ներառյալ՝ նախքան սույն փոփոխություններն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած), որոնք պայմանավորված են պետության կարիքների հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովադրի տիրապետությունից դուրս եկած ավտոտրանսպորտային միջոցով նշված հիմքով տիրապետությունից դուրս գտնվելու ժամանակահատվածում պատճառված վնասների հատուցման հետ։ 
 3. Առավել իրատեսական և արժանահավատ փորձագիտական եզրակացություն ներկայացնելու նպատակով ավտոտրանսպորտային միջոցների վրա առկա հետքերի՝ վթարի հետ համատեղելիության հարցադրման դեպքում սահմանվել է փորձագետի կողմից պատահարում ներգրավված բոլոր ավտոտրանսպորտային միջոցները զննելու պարտավորություն՝ անկախ դրանցից մեկի կամ մի քանիսի հետվթարային վիճակից։ 
 4. Վնասների գնահատման գործընթացի համար սահմանվել է պատճառի փորձաքննության գործընթացում կիրառվող միևնույն սկզբունքը, այն է՝ եթե կրկնակի փորձաքննություն իրականացրած փորձագետի կողմից տրվել է փորձաքննության անհնարինության մասին գրավոր պատասխան, ապա համարվում է, որ հաստատվել են առաջնային փորձաքննության արդյունքները: 
 5. Սահմանվել է, որ վերականգնման ենթակա են գույքին պատճառված այն վնասները, որոնք որպես պատահարի հետևանքով պատճառված վնասներ փորձագետի կողմից նշվել են վնասների գնահատման փորձագիտական եզրակացությունում։ Համապատասխանաբար, եթե տուժողը համաձայն չէ առաջնային փորձագիտական եզրակացության մեջ ամրագրված վնասված դետալների ցանկին, այդ եզրակացությունը կարող է բողոքարկել լրացուցիչ և (կամ) կրկնակի փորձաքննություն պահանջելու միջոցով։ 6. Կանոններով նախատեսված բոլոր գործընթացների շարունակականությունն ապահովելու նպատակով Կանոններով սահմանվել է, որ եթե որևէ հաղորդակցման իրականացումը Բյուրոյի կանոններով սահմանված պահանջներին համապատասխան տեխնիկապես հնարավոր չէ իրականացնել ԱՄՄՊ համակարգի միջոցով, ապա, Բյուրոյի համաձայնությամբ, հաղորդակցումն իրականացվում է համապատասխան անձանց պատշաճ էլեկտրոնային փոստի հասցեների միջև։ Ընդ որում, այդ գործընթացների տեսանելությունը հետագայում մեկ տեղում ապահովելու նպատակով սահմանվել է նաև, որ համակարգից դուրս հաղորդակցումն իրականացրած անձն ԱՄՄՊ համակարգում համապատասխան տեխնիկական հնարավորությունն ապահովվելուց հետո՝ ողջամիտ ժամկետում, պարտավոր է իրականացված հաղորդակցման արդյունքներն արտացոլել ԱՄՄՊ համակարգում։ 
 7. Սահմանվել է, որ պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցներին պատճառված վնասների հատուցման համար ապահովագրական ընկերությանը պետք է ներկայացվի տվյալ պահին գործող ԱՊՊԱ պայմանագիրը, բացառությամբ որոշ դեպքերի, որոնց պարագայում ողջամիտ չէ նման պայմանագրի ներկայացման պահանջը։ Ընդ որում, ապահովագրական պատահարի պահին ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագրի բացակայության դեպքում ներկայացված ԱՊՊԱ պայմանագրի կամ պայմանագրերի գործողության ընդհանուր ժամկետը չպետք է պակաս լինի մեկ տարուց։ Հիշյալ փոփոխությունը հնարավորություն կընձեռի, որպեսզի առնվազն տուժողների ավտոտրանսպորտային միջոցների համար երաշխավորվի գործող ԱՊՊԱ պայմանագրի առկայությունը։ 
 Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դրա՝ այդ փոփոխություններով ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 13.05.2021 15:14:44