Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 22.04.2022 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի ապրիլի 15-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաս­տատ­ված՝ Բյուրոյի հետևյալ կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները․

 

Փոփոխված կանոնների անվանումը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը
«ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններ 02/05/2022, բացառությամբ RL 1-001 կանոնների Ձև 15-ում, Հավելված 3-ի 5-րդ, 51-րդ կետերում և Հավելված 4-ում կատարված փոփոխությունների և լրացումների, որոնք ուժի մեջ կմտնեն համապատասխան տեխնիկական հնարավորությունների ներդրման պահին, որի մասին Բյուրոյի կողմից լրացուցիչ կտեղեկացվի։
«ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններ 15/04/2022, բացառությամբ RL 1-003 կանոնների 18-րդ կետի 2-րդ ենթակետի, 21-րդ կետի և 47-րդ կետի փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտնում 01/06/2022 թվականին։
«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-004 կանոններ 15/04/2022
Կատարված փոփոխություններով, լրացումներով մասնավորապես՝ 
RL 1-001 կանոններում՝
  • Սահմանվել է, որ այն ավտոմեքենաների գծով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերով ապահովագրավճարի հաշվարկման ժամանակ, որոնք պայմանագրի գործողության ընթացքում չեն օգտագործվելու տաքսի ծառայություն մատուցելու նպատակով, վերջին ԱՊՊԱ պայմանագրում կիրառված բազային ապահովագրավճարին գումարած 3000 ՀՀ դրամի փոխարեն որպես բազային ապահովագրավճարի առավելագույն չափ հիմք ընդունվի 41000 ՀՀ դրամը։ 
Ընդ որում, հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով սահմանվել են մի շարք զսպող մեխանիզմներ, որպեսզի այդպիսի տրանսպորտային միջոցների ներքո ընկնեն միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք իրապես փոխում են իրենց օգտագործման նպատակը: 
Միևնույն ժամանակ, պաշտպանելու համար այն ապահովադիրների հավասարության սկզբունքը, որոնք կնքել են կամ կկնքեն ԱՊՊԱ պայմանագիր մինչև նշված փոփոխությունների ուժի մեջ մտնելը, սակայն բավարարում են փոփոխություններով սահմանված պահանջներին, հնարավորություն է ընձեռվել այդ ապահովադիրներին վաղաժամկետ դադարեցնել արդեն իսկ կնքված պայմանագրի գործողությունը՝ չլրացած ժամկետի համար հետ ստանալով ամբողջ ապահովագրավճարը՝ առանց գործավարման ծախսերի պահման։ 
  • Սահմանվել է, որ  առաջնային և կրկնակի փորձաքննության արդյունքները  և Կանոնների համաձայն արդեն իսկ իրականացված գործընթացներն ու որոշումները կարող են ճշգրտվել, եթե մինչև ապահովագրական հատուցում վճարելու (մերժելու) վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող տասներորդ աշխատանքային օրը, իսկ ապահովագրական ընկերությունների փոխադարձ համաձայնության դեպքում՝ նաև մեկ ամիսը, որևէ եղանակով դիմումը կարգավորած ապահովագրական ընկերությանը (առաջնային կամ լրացուցիչ փորձաքննության արդյունքների ծանուցումից հետո՝ Բյուրոյին) ներկայացվել է այդ փորձաքննությունների հիմքում դրված ճանապարհային ոստիկանության (պարեկային ծառայության) կողմից կազմված ելակետային տվյալների՝ սահմանված կարգով շտկված տարբերակը։ 
  • Սահմանվել է, որ բջջային հավելվածի միջոցով լրացված համաձայնեցված հայտարարագիրը համարվում է չլրացված և չստորագրված, եթե բջջային հավելվածի միջոցով հաստատումը կատարվելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում, պատահարի վայրում երկու ավտոտրանսպորտային միջոցների վարորդների ներկայությամբ այդ պատահարի գծով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմնի կողմից կազմվել են պատահարի գրանցման հետ կապված փաստաթղթեր:  
  • Սահմանվել է, որ միևնույն պատահարի շրջանակներում բջջային հավելվածի միջոցով մեկից ավելի համաձայնեցված հայտարարագիր լրացվելու դեպքում հավաստի են համարվում Կանոնների համաձայն վերջին անգամ լրացված համաձայնեցված հայտարարագրի միջոցով փոխանցված տեղեկությունները։ 
  • Տուժողի առողջությանը պատճառված վնասների հատուցման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում որպես վճարման փաստը հավաստող այլ տարբերակ ավելացվել են վճարահաշվարկային այլ փաստաթղթերը։ 
RL 1-003 կանոններում՝
  • Սահմանվել է, որ Բյուրոն կրկնակի փորձաքննության պատվեր չի կարող տրամադրել այն փորձագետին, ով գրավոր պարտավորություն չի ստանձնել առ այն, որ այսուհետ ձեռնպահ է մնալու տվյալ տեսակի առաջնային փորձաքննություն իրականացնելուց կամ պարտավորություն ստանձնելուց հետո փաստացի իրականացրել է այդպիսի փորձաքննություն՝ ներառյալ պարտավորության դադարեցման միջոցով։ 
  • Սահմանվել է, որ փորձագիտական կազմակերպությունների որակավորումը ինքնաշխատ դադարեցվում է (առանց լրացուցիչ կարգապահական վարույթի իրականացման), եթե վերջիններն ավելի քան երկու ամիս չեն բավարարում կանոններով սահմանված փորձագետների նվազագույն քանակի պահանջներին։ 
RL 1-003 կանոններում՝ 
  • Սահմանվել է, որ ստուգիչ փորձաքննությունը, որպես կանոն, իրականացվում է այն դեպքում, երբ առաջնային և կրկնակի փորձաքննության կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից նշանակված փորձաքննության միջև առկա է Կանոններով նախատեսված շեղումներից որևէ մեկը։ Ամեն դեպքում հիշյալ պահանջից բացառություն է կատարվել այն դեպքերի համար, երբ Բյուրոյի հիմնավոր կարծիքով առկա են առաջնային և կրկնակի փորձաքննություններ իրականացրած փորձագետների՝ տվյալ փորձաքննության գծով կողմնակալության կասկածներ կամ ստուգիչ փորձաքննության իրականացման կարևորությունն առաջացնող այլ առանձնահատուկ հիմքեր, որոնց դեպքում անկախ հիշյալ շեղման հանգամանքից՝ ստուգիչ փորձաքննությունը կարող է նշանակվել։
  • Սահմանվել է, որ ստուգիչ փորձաքննություն իրականացնող փորձագետին (կոլեգիալ մարմնի անդամներին) ի լրումն այլ տվյալների տրամադրվում են նաև ստուգվող փորձագիտական եզրակացությունները կազմած փորձագետների կողմից իրենց եզրահանգումների գծով ներկայացված հիմնավորումները։
  • Վերահսկվող սուբյեկտի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ արձանագրության ձևից հանվել է գործադիր տնօրենի կողմից այն ստորագրելու պահանջը։ 
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան փոփոխությունները, լրացումները ուժի մեջ մտնելուց հետո դրանց՝ այդ փոփոխություններով, լրացումներով ինկորպորացված տարբերակները կտեղադրվեն (տեղադրվել են) Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։       

Թարմացվել է՝ 11.05.2022 12:05:19