Կանոնների գրանցում 06.05.2015 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մայիսի 5-ին գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» RL 1-017, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցումների վճարման» RL 1-018 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները: Կանոններում կատարված փոփոխություններով և լրացումներով, մասնավորապես՝
• հստակեցվում են հատուցումների կարգավորման այն դեպքերը, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտով հստակ անդրադարձ կատարված չէ պատահարի առաջացման պատճառին կամ տուժողի գույքին պատճառված կամ անձնական վնասի չափին, և անհրաժեշտություն է առաջացել նշանակել համապատասխան փորձաքննություններ,
• ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկից հեռացվել է դիմումատուի պարտավորագիրը առ այն, որ վերջինս պարտավորվում է հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցման դիմում ներկայացնելու դեպքում տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերի կապակցությամբ իր ստացած գումարը բաշխել այլ անձանց միջև՝ մասնաբաժիններին համամասնորեն, պայմանավորված նրանով, որ վերջինս ներառվել է հատուցում ստանալու վերաբերյալ դիմումի ձևում,
• անձնական վնասների դեպքում տուժողը, որպես հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթուղթ, այսուհետ կարող է չներկայացնել դատաբժշկական փորձաքննության ակտը (եզրակացությունը), եթե գործն ըստ էության լուծող դատական ակտը վկայակոչում է դատաբժշկական փորձաքննության ակտի մասին:
Գրանցված RL 1-017 և RL 1-018 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները ուժի մեջ են մտնում 2015 թվականի մայիսի 16-ին: