Սեպտեմբերի մեկից ԱՊՊԱ ոլորտում ներդրվող փոփոխություններ 23.08.2016
- Լավ լուր վարորդների համար․ ԱՊՊԱ ոլորտում վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման համար վնասի շեմը բարձրացվել է մինչև 100.000 դրամ
2016թ-ի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ ոլորտում վարորդներն ինքնուրույն՝ համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով կարող են գրանցել արդեն մինչև 100.000 դրամ (ներկայում գործող 50.000 դրամի փոխարեն) վնասներով ավտովթարները:
Հիշեցնում ենք, որ
համաձայնեցված հայտարարագրի միջոցով կարելի է գրանցել պատահարը, եթե
1. պատահարին մասնակից են միայն երկու ավտոմեքենաներ, և վնաս է պատճառվել միայն այդ ավտոմեքենաներին կամ դրանցից մեկին,
2. պատահարում ներգրավված երկու ավտոմեքենայի համար էլ առկա է գործող ԱՊՊԱ պայմանագիր,
3. վարորդներից մեկն ընդունել է իր ամբողջական մեղավորությունը,
4.տուժող վարորդի պահանջը մեղավոր վարորդի նկատմամբ չի գերազանցում 100.000 դրամը:
Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները ձեռնարկեն հետևյալ հաջորդական գործողությունները`
1.առնվազն երեք անգամ լուսանկարեն բախված ավտոմեքենաների փոխադարձ դիրքերն ու վնասվածքները,
2. լրացնեն և ստորագրեն համաձայնեցված հայտարարագիրը,
3 ազատեն ճանապարհի երթևեկելի մասը,
4.տեղի ունեցած պատահարի մասին հեռախոսով տեղեկացնեն մեղավոր վարորդի ապահովագրական ընկերությանը՝ ներկայացնելով համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկությունները: Մինչև 100.000 դրամ վնասներով վթարների դեպքում վարորդների գործողությունների ուղեցույցին հանգամանորեն ծանոթանալու, ինչպես նաև համաձայնեցված հայտարարագրի ձևը բեռնելու համար այցելեք այստեղ :
- Համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող վթարներից բացի մնացած բոլոր ավտովթարները կգրանցվեն միայն Ճանապարհային ոստիկանության կողմից
2016թ-ի սեպտեմբերի 1-ից համաձայնեցված հայտարարագրով վարորդների կողմից ինքնուրույն գրանցվող ավտովթարներից բացի մնացած բոլոր ավտովթարները կգրանցվեն միայն Ճանապարհային ոստիկանության կողմից։ Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները՝
1. պատահարի վայր հրավիրեն Ճանապարհային ոստիկանությանը և հետևեն վերջինիս ցուցումներին,
2. մինչև Ճանապարհային ոստիկանության ժամանումը չտեղաշարժեն ավտոմեքենաները և միջոցներ ձեռնարկեն ավտոմեքենաների հետքերն ու առարկաները պահպանելու ուղղությամբ,
3. պատահարը տեղի ունենալուց հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքում հեռախոսով տեղեկացնեն իրենց ապահովագրական ընկերություններին:
Համապատասխանաբար սեպտեմբերի մեկից դեպքի վայրում ապահովագրական ընկերությանը սպասելու պարտավորություն վարորդները չունեն:
Ճանապարհային ոստիկանության կողմից ավտովթարի գրանցումից հետո տուժող ավտոմեքենայի սեփականատերը հատուցում ստանալու համար գրավոր դիմում է ներկայացնում իրեն վնաս պատճառողի ապահովագրական ընկերությանը։
Այս փոփոխության շրջանակներում 2016 թվականի օգոստոսի 16-ին Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն և ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունը կնքել են համապատասխան համաձայնագիր, որը գործողության մեջ է մտնում սույն թվականի սեպտեմբերի մեկից, համաձայն որի՝
1. համաձայնեցված հայտարարագրի ներքո չընկնող գույքային վնասներով բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարները սահմանված կարգով կգրանցվեն ճանապարհային ոստիկանության կողմից և կհավաքագրվեն պատահարի վերաբերյալ ստանդարտացված ելակետային տվյալներ,
2. պատահարների վերաբերյալ հավաքագրված ելակետային տվյալները ճանապարհային ոստիկանությունը միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով անմիջականորեն կփոխանցի Բյուրոյին և ապահովագրական ընկերություններին: Ճանապարհային ոստիկանությունն նշված փոփոխության հետ կապված առավել մանրամասն տեղեկատվություն և պարզաբանումներ տրամադրելու համար առաջիկա օրերին հանդես կգա առանձին մամլո ասուլիսով կամ մամլո հաղորդագրությամբ:
- ԱՊՊԱ համակարգն անցնում է Ապահովադիրների բոնուս-մալուս համակարգին
Սույն թվականի սեպտեմբերի 1-ից այլևս անհրաժեշտ չէ ԱՊՊԱ պայմանագրերում նշել ավտոմեքենան վարող անձանց (լիազորված տիրապետողներին), և ավտոմեքենաները կհամարվեն պատշաճ ապահովագրված՝ ավտոմեքենաների սեփականատերերի կողմից վարորդական իրավունք ունեցող ցանկացած անձի ավտոմեքենան վարման հանձնելու դեպքում՝ առանց դրա համար հավելյալ ապահովագրավճար վճարելու: Հորդորում ենք ավտոմեքենան վարման հանձնել միայն կարգապահ վարորդների, քանի որ ավտոմեքենայի վթարի արդյունքում կիրառվող բունուս-մալուս համակարգը տարածվելու է միայն ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ:
ԱՊՊԱ համակարգի կայունության և շարունակականության ապահովման, ինչպես նաև ավտոմեքենաների սեփականատերերի կողմից վարորդների ընտրության հարցում ռիսկերի կառավարմանն աջակցելու նկատառումներով Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն կշարունակի հաշվառել վարորդների վթարների վիճակագրությունը (ապահովագրական պատմությունը), ինչի մասին ընդհանրացված տվյալներ կարելի է ստանալ օն-լայն եղանակով Բյուրոյի կայքի միջոցով:
Ուշադրություն՝ Մինչև սույն թվականի սեպտեմբերի մեկը կնքված և այդ պահի դրությամբ գործող ԱՊՊԱ պայմանագրերն սեպտեմբերի մեկից ինքնաշխատ կհամարվեն անսահմանափակ վարորդների օգտագործման հնարավորությամբ կնքված և այդ պայմանագրերում ևս վարորդներ ավելացնելու, փոփոխելու կամ լրացուցիչ ապահովագրավճար կատարելու անհրաժեշտություն չի առաջանա: Ապահովադիրների բոնուս – մալուս համակարգին անցման, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտի առաջին հինգ տարիների վիճակագրության հիման վրա որոշակի ռիսկային գործակիցների ճշգրտման արդյունքում սույն թվականի սեպտեմբերի մեկից ԱՊՊԱ սակագնային համակարգն ունենալու է նոր կառուցվածք: ԱՊՊԱ սակագների նոր կառուցվածքին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կատարված փոփոխությունների արդյունքում կատարվել են ռիսկային գործակիցների ճշգրտում (ավելացում կամ պակասեցում), ինչպես նաև սակագների հաշվարկից հանվել են վարորդների տարիքը և վարորդական ստաժը հաշվի առնող ռիսկային գործակիցները:
- Լավ լուր հանրության համար. Ավտոապահովագրողների բյուրոյի կայքի միջոցով ստեղծվել է առցանց մի շարք հարցումներ իրականացնելու հնարավորություն
Սույն թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի www.paap.am կայքի «ԱՊՊԱ առցանց հարցումներ» բաժնում ստեղծվում է հնարավորություն առցանց եղանակով կատարել հարցումներ և ստանալ տեղեկատվություն ԱՊՊԱ ոլորտում հետևյալ ընդհանրացված տվյալների վերաբերյալ՝