Գնառաջարկի հարցում
22.06.2018
Հարգելի գործընկեր,
Հայաստանի
Ավտոապահովագրողների Բյուրոն
(այսուհետ՝ Բյուրո) ակնկալում
է Ձեր մասնակցությունը սույն
հարցում-գնառաջարկությանը (այսուհետ՝ գնառաջարկ):
Գնառաջարկի առարկան
Գնառաջարկները վերաբերում
են Բյուրոյի կողմից (անունից) ԱՊՊԱ
օրենքի համաձայն վճարվող հատուցումներից ծագած հետադարձ պահանջի իրավունքի, պարտապանների
նկատմամբ Բյուրոյի այլ պահանջների դատական և դատական ակտերի հարկադիր կատարման փուլում
իրացման (պարտքերի հավաքագրման) պատվիրակվող գործառույթը ստանձնող համապատասխան փաստաբանական
գործունեությամբ զբաղվող մասնագիտացված
կազմակերպության (այսուհետ՝ մասնագիտացված կազմակերպություն) ընտրության նպատակով:
Մասնագիտացված կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջներն են՝
- Մասնագիտացված կազմակերպությունը չպետք է փոխկապակցված
լինի Բյուրոյի կամ Բյուրոյի անդամ որևէ ապահովագրական ընկերության և նրա ղեկավարների
հետ՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված
փոխկապակցվածության սահմանման շրջանակներում,
- Մասնագիտացված կազմակերպությունը պետք է ունենա
առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
Ծառայությունների մատուցման և իրավասությունների շրջանակները:
Մասնագիտացված կազմակերպության
կողմից մատուցման ենթակա ծառայությունները ներառում են Բյուրոյի կողմից պատվիրակված՝
Բյուրոյի կողմից (անունից) վճարվող հատուցումներից ծագած հետադարձ պահանջի իրավունքի,
պարտապանների նկատմամբ Բյուրոյի այլ պահանջների դատական և դատական ակտերի հարկադիր
կատարման փուլում իրացումը և դրամական միջոցների հավաքագրումը, մասնավորապես՝
- հայցադիմումների, դիմումների,
բողոքների, գանգատների, միջնորդությունների և իրավական բնույթի այլ անհրաժեշտ փաստաթղթերի
կազմումը և ներկայացումն իրավասու մարմիններին և անձանց,
- մասնակցությունը քաղաքացիական և սնանկության գործերի քննությանը բոլոր ատյանի
բոլոր դատարաններում, մահացած պարտապանների ժառանգության հաշվին ծախսերի հատուցման
գործընթացներին,
- Բյուրոյի շահերի ներկայացումը և պաշտպանությունը դատական ակտերի
հարկադիր կատարման ծառայությունում, կատարողական վարույթների կատարման ապահովումը/կազմակերպումը,
- Բյուրոյի շահերի ներկայացումը և պաշտպանությունն այլ պետական,
համայնքային և ոչ պետական մարմիններում ու կազմակերպություններում, երրորդ անձանց առջև,
այլ իրավաբանական գործողությունների կատարումը՝ հարցումներ, ծանուցումներ, տեղեկությունների
ստացում և այլն,
- դատական փուլում պարտապանների հետ պարտքի մարմանն ուղղված բանակացություների
վարումը և բանակցությունների արդյունքներով՝ Բյուրոյին համապատասխան առաջարկությունների
ներկայացումը (ներառյալ հաշտության համաձայնությունների վերաբերյալ),
- պատվիրակված գործերով պարտապանների պարտավորությունների գծով
վճարումների գործընթացի կազմակերպումը:
Ծառայությունները ենթակա են մատուցման Հայաստանի Հանրապետության
և Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում:
Ծառայությունների ծավալը
Բյուրոյի վերջին 3 տարիների գործունեության արդյունքներով
գնառաջարկի առարկային վերաբերող գործերի վերաբերյալ առկա են հետևյալ վիճակագրական տվյալները՝
-
դատական գործերի միջին ամսական քանակ՝ 30-ից 35 գործ,
- մեկ դատական գործով պահանջվող միջին գումար՝ շուրջ
600-ից 800.000 ՀՀ դրամ,
- դատական գործերի հետագա բողոքարկման անհրաժեշտություն ծագում
է դեպքերի միջինում 10 տոկոսում:
Ծառայությունների դիմաց Բյուրոյի կողմից վճարման հիմնական պայմանները:
Ծառայությունների դիմաց վճարումն իրականացվում է մասնագիտացված
կազմակերպությանը փաստաբանի վարձատրության վճարման միջոցով՝ բացառապես դատական ակտով
հաստատված և պարտապաններից փաստացի գանձված փաստաբանական ծախսերի հաշվին, և Բյուրոյի
միջոցներից որևէ վճարումներ մասնագիտացված կազմակերպությանը չի իրականացվում: Ընդ որում՝
այն դեպքում, երբ դատական ակտով չի բավարարվում փաստաբանական ծախսը կամ բավարարվում
է ավելի պակաս չափով, քան Բյուրոյի հետ կնքված պայմանագրով նախատեսված չափն է, ապա
մասնագիտացված կազմակերպությանը տվյալ դեպքով
Բյուրոյի կողմից համապատասխանաբար որևէ գումար չի վճարվում կամ վճարվում է
պակաս բավարարված և պարտապանի կողմից փաստացի Բյուրոյին վճարված չափով:
Ծառայությունների մատուցման
շրջանակներում ծագած` Բյուրոյի կողմից կատարման ենթակա դատական ծախսերը կատարվում են
Բյուրոյի կողմից:
Գնառաջարկների ներկայացման կարգն ու ժամկետները
Գնառաջարկները (փաստաբանի վարձատրության չափերը) անհրաժեշտ
է ներկայացնել Բյուրո՝ ք. Երևան, Հանրապետության 22, տարածք 2 հասցեով, կամ ուղարկել
info@paap.am էլեկտրոնային
փոստի հասցեով:
Գնառաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել համաձայն կից
ձևի:
Գնառաջարկների ընդունման սկիզբն է 2018թ. հունիսի
25-ը, իսկ ավարտը՝ 2018թ. հուլիսի 2-ը:
Գնառաջարկների ամփոփման կարգն ու ժամկետները
Ստացված գնառաջարկները կհամադրվեն և կամփոփվեն Բյուրոյի
կողմից մինչև 2018թ. հուլիսի 6-ը: Բյուրոն պարտքերի հավաքագրումը կպատվիրակի այն մասնագիտացված
կազմակերպությանը, որը կբավարարի ներկայացված պահանջներին ու կառաջարկի ինչպես Բյուրոյի,
այնպես էլ Բյուրոյի ներկա և ապագա պարտապանների համար առավել բարենպաստ պայմաններ:
Այլ պայմաններ
Համագործակցության բոլոր այլ պայմանները ենթակա են քննարկման
և լրացուցիչ համաձայնեցման համագործակցության պայմանագրով:
Սույն հարցումը մրցույթի հայտարարություն չէ: Սույն հայտարարության նպատակն առկա
առաջարկների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն է: Գործընթացի նկատմամբ
կիրառելի չեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-465-րդ, 1043-1044-րդ հոդվածները և
«Հրապարակային սակարակությունների մասին» ՀՀ օրենքը:
Հետադարձ կապ
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել
Բյուրոյի իրավաբանական ծառայություն՝ (060) 58-00-32 (118) հեռախոսահամարով (Սամվել Աղախանյանին) կամ ուղարկել հաղորդագրություն info@paap.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Շնորհակալ ենք համագործակցության
պատրաստակամության համար:
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո