Գնառաջարկի հարցում 02.04.2019 Հարգելի գործընկեր, Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն (այսուհետ՝ Բյուրո) ակնկալում է Ձեր մասնակցությունը սույն հարցում-գնառաջարկությանը (այսուհետ՝ գնառաջարկ): Գնառաջարկի առարկան Գնառաջարկն իրականացվում է ընդհանուր անշարժ գույքում պարտապանի բաժինն առանձնացնելու Բյուրոյի պահանջի հիման վրա հարուցված դատական գործերով դատաապրանքագիտական և դատաշինարարատեխնիկական փորձաքննություններ իրականացնող փորձագիտական կազմակերպության (այսուհետ՝ Փորձագիտական կազմակերպություն) ընտրության նպատակով:
Փորձագիտական կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջներն են՝
-Փորձագիտական կազմակերպությունը պետք է ունենա անշարժ գույքի վերաբերյալ դատաապրանքագիտական և դատաշինարարատեխնիկական փորձաքննություններ իրականացնելու համար ՀՀ օրենսդրությամբ պահանջվող բոլոր թույլտվությունները/որակավորումները,
-Փորձագիտական կազմակերպությունը չպետք է փոխկապակցված լինի Բյուրոյի կամ Բյուրոյի անդամ որևէ ապահովագրական ընկերության և նրա ղեկավարների հետ՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված փոխկապակցվածության սահմանման շրջանակներում,
-Փորձագիտական կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
Ծառայությունների մատուցման և իրավասությունների շրջանակները
Փորձագիտական կազմակերպության կողմից ծառայությունները մատուցվում են դատարանի համապատասխան որոշման հիման վրա (Բյուրոն փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության մեջ, որպես փորձաքննություն իրականացնող, նշում է Փորձագիտական կազմակերպության անվանումը):
Մատուցման ենթակա ծառայությունները ներառում են դատաապրանքագիտական և դատաշինարարատեխնիկական փորձաքննությունների հետևյալ ստանդարտ հարցադրումների պարզաբանումը՝
-գնահատել անշարժ գույքի շուկայական արժեքը,
-որոշել անշարժ գույքից պարտապանի բաժնի առանձնացման տեխնիկական հնարավորությունը՝ այդպիսի հնարավորության առկայության դեպքում առաջարկելով բաժնի տարանջատման եղանակը:
Փորձագիտական կազմակերպությունը պարտավոր է պատշաճ կատարել նմանատիպ փորձաքննությունների դեպքում քաղաքացիական դատավարության օրենսգրքով Փորձագիտական կազմակերպությունների համար սահմանված բոլոր պարտականությունները:
Ծառայությունները ենթակա են մատուցման Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում:
Ծառայությունների ծավալը
Բյուրոյի առ այսօր ունեցած փորձը վկայում է տարեկան թվով շուրջ 50 դատական փորձաքննության դեպքերի քանակի մասին:
Համագործակցության ժամկետը, ծառայությունների դիմաց Բյուրոյի կողմից վճարման պայմանները
Համագործակցության ժամկետը սույն գնառաջարկի շրջանակներում սահմանվելու է մեկ տարի և համապատասխանաբար յուրաքանչյուր տարի թարմացվելու է՝ նոր գնառաջարկների ստացման/թարմացման միջոցով: Նախատեսվում է յուրաքանչյուր հերթական տարվա ընթացքում Ծառայությունները պատվիրակել բացառապես Գնառաջարկների ամփոփման կարգով սահմանված չափանիշների հիման վրա ընտրված Փորձագիտական կազմակերպությանը։
Ծառայությունների դիմաց վճարումն իրականացվելու է Բյուրոյի և Փորձագիտական կազմակերպության միջև համաձայնեցված պայմաններին համաձայն:
Գնառաջարկների ներկայացման կարգն ու ժամկետները
Գնառաջարկները (փորձաքննության ծախսերի չափերը) անհրաժեշտ է ներկայացնել Բյուրո՝ ք. Երևան, Հանրապետության 22, տարածք 2 հասցեով, կամ ուղարկել info@paap.am էլեկտրոնային փոստի հասցեով:
Գնառաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել համաձայն կից ձևի։ Գնառաջարկների ընդունման սկիզբն է 2019թ. ապրիլի 3-ը, իսկ ավարտը՝ 2019թ. ապրիլի 15-ը:
Գնառաջարկների ամփոփման կարգն ու ժամկետները
Ստացված գնառաջարկները կհամադրվեն և կամփոփվեն Բյուրոյի կողմից մինչև 2019թ. ապրիլի 22-ը: Բյուրոն փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություններում կնշի այն Փորձագիտական կազմակերպության անվանումը, որը կբավարարի ներկայացված պահանջներին ու կառաջարկի ամենացածր գինը, ինչպես Բյուրոյի, այնպես էլ Բյուրոյի պարտապանների համար առավել բարենպաստ պայմանները:
Այլ պայմաններ
Համագործակցության բոլոր այլ պայմանները ենթակա են քննարկման և լրացուցիչ համաձայնեցման համագործակցության պայմանագրով:
Սույն հարցումը մրցույթի հայտարարություն չէ: Սույն հայտարարության նպատակն առկա առաջարկների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն է: Գործընթացի նկատմամբ կիրառելի չեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-465-րդ, 1043-1044-րդ հոդվածները և «Հրապարակային սակարակությունների մասին» ՀՀ օրենքը:
Հետադարձ կապ
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Բյուրոյի իրավաբանական ծառայություն՝ (060) 58-00-32 (118) հեռախոսահամարով (Սամվել Աղախանյանին) կամ ուղարկել հաղորդագրություն lawyer@paap.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Շնորհակալ ենք համագործակցության պատրաստակամության համար:
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո