ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության (խարդախության) ևս մեկ դեպք 19.07.2019 Ստորև ներկայացնում ենք ԱՊՊԱ ոլորտում բացահայտված զեղծարարության ևս մեկ դեպքի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն․ Քաղաքացի Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018թ. հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ից 15:00-ի սահմաններում, իր կողմից վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում վթարի է ենթարկվել՝ բախվելով մեկ այլ ավտոմեքենայի: Ա. Մ.-ն, տվյալ պահին չունենալով իր կողմից վարած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր, խոշոր չափերի՝ մասնավորապես մյուս ավտոմեքենայի պատճառված 1.707.000 ՀՀ դրամ վնասի գումարը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, վթարից անմիջապես հետո կնքել է իր վարած ավտոմեքենայի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր: Դրանից հետո Ա. Մ.-ն զանգահարել է Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերություն և հայտնել վթարի մասին, ընդունել իր մեղավորությունը, իսկ 2018թ. հոկտեմբերի 15-ին պատահարում տուժող կողմ հանդիսացող Հ․ Ա․-ն հատուցման դիմում է ներկայացրել Ռեսո ապահովագրական ընկերություն՝ 1.707.000 ՀՀ դրամ ապահովագրական հատուցում ստանալու համար։ Նշված հանգամանքը պարզվել է Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերության անվտանգության աշխատակիցների կողմից և Ա․ Մ․-ն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով խարդախության փորձի համար, որում Ա․ Մ-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Ա․Մ․-ն քրեական պատասխանատվությունից ազատվել է բացառապես համաներման ակտի կիրառման արդյունքում։