Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 60) 580043
Նորություններ

Կանոնների գրանցում 24.06.2019

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունիսի 21-ին գրանցվել են «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի հուլիսի 4-ին։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ փոփոխություններն ու լրացումներն ընդգծված են։

Կանոններում մասնավորապես կատարվել են հետևյալ հիմնական փոփոխություն­ները և լրացումները՝

1.   Ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխման կամ դրա հաշվառումից հանելու (ներառյալ՝ ժամանակավոր) դեպքերում նախատեսվել է ԱՊՊԱ պայմանագրի ինքնաշխատ վաղաժամկետ դադարեցման հնարավորություն՝ առանց Ապահովադրի կողմից լրացուցիչ գործողությունների իրականացման և պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դիմումի ներկայացման, ինչն էապես կբարձրացնի ավտոսեփականատերերի հարմարավետությունը։ Այս կարգավորումը կիրառելի կլինի բոլոր այն դեպքերում, երբ Ճանապարհային ոստիկանության տեղեկատվական համակարգից ԱՊՊԱ միասնական տեղեկատվական համակարգի համապատասխան հարցումների միջոցով էլեկտրոնային եղանակով կստացվեն ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության կամ տրանսպորտային միջոցը ժամանակավոր հաշվառումից հանելու մասին տվյալները։ Այս կարգավորումից, սակայն, մեր ավտոսեփականատերերը կարող են օգտվել որոշակի տեխնիկական ապահովումների իրականացումից հետո, ինչի մասին Բյուրոն առաջիկայում լրացուցիչ կիրազեկի։

2.  Սահմանվել է, որ եթե ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ապահովագրական ընկերությունը չունի Ապահովադրի կողմից ներկայացված բանկային հաշվեհամար, ապա վերադարձման ենթակա գումարը փոխանցվում է ապահովադրի հաշվառման մարզում առնվազն մեկ մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում ԴՍԱ-ի կողմից բացված հաշվեհամարին՝ Ապահովադրի անձը հաստատող փաստաթղթի տվյալների նշումով և տվյալ բանկի ցանկացած մասնաճյուղից Ապահովադրին վճարելու հանձնարարականով։

3.  ԱՊՊԱ վկայագրով նախատեսված ապահովագրավճարի վճարումն Ապահովադրի կողմից կետանցվելու հետևանքով ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում վերադարձվող ապահովագրավճարի հաշվարկում գործավարման ծախսերի մեծությունը սահմանվել է ապահովագրավճարի 20%-ի չափով:

Կանոնների ինկորպորացված տարբերակներն դրանց ուժի մեջ մտնելու պահին տեղադրվելու են Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

 

Թարմացվել է՝ 24.06.2019 16:13:03