Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 07.02.2020 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի փետրվարի 7-ին գրանցվել են «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 նոր խմբագրությամբ կանոնները, որոնցով նախատեսված փոփոխությունների մի մասը գործողության մեջ կմտնեն սույն թվականի փետրվարի 17-ին, իսկ մնացածը՝ դրանց կիրառման համար անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունները ԱՄՄՊ համակարգում ներդրվելուց հետո, որի մասին նախապես Բյուրոյի պաշտոնական կայքում լրացուցիչ հայտարարություն կտրվի։ Սույն թվականի փետրվարի 17-ից ներդրվող փոփոխություններն ինկորպորացված տարբերակով «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոնները (այսուհետ՝ Կանոններ) արտացոլված է RL 1-001 կանոններ հղմամբ, որտեղ գործող տարբերակի համեմատությամբ կատարված փոփոխություններն ընդգծված են։ Կանոններում մասնավորապես կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները` 

1. Վերանայվել է Կանոնների իմաստով պատշաճ էլեկտրոնային փոստի հասցեի սահմանումը՝ հիմնական դեպքերի համար դա համարելով ԱՊՊԱ պայմանագրի վկայագրում նշված էլեկտրոնային փոստի հասցեն։ Համապատասխանաբար ներդրվել է սկզբունք, որ Ապահովադրին վերաբերող միևնույն տեղեկատվությունը (հեռախոս, հասցե, էլեկտրոնային հասցե) պետք է արտացոլվի մեկ տեղում, իսկ փոփոխութունների անհրաժեշտության դեպքում այն պետք է փոփոխել միևնույն տեղում, այսինքն ԱՊՊԱ վկայագրում և այն պետք է օգտագործվի բոլոր հաղորդակցումների գործընթացներում՝ հատուցում, ԱՊՊԱ պայմանագրի դադարեցում և այլն։ Օրինակ՝ ներկայում Ապահովադիրը կարող է ԱՊՊԱ պայմանագրում նշել մեկ էլեկտրոնային հասցե, իսկ ԱՊՊԱ պայմանագրի դադարեցման կամ հատուցման գործընթացում՝ մեկ այլ էլեկտրոնային հասցե, ինչն այլևս հնարավոր չի լինելու սույն կետով առաջարկվող փոփոխության ներդրման դեպքում։ 
2. Կանոններով առաջին անգամ սահմանվել է ԱՄՄՊ (ASWA) համակարգը և դրանով իրականացվող գործառնությունները։ 
3. Սահմանվել է, որ Կանոներով նախատեսված բոլոր գործընթացների շրջանակներում Բյուրոն, Ապահովագրողներն ու փորձագետները միմյանց միջև հաղորդակցումներն իրականացնում են առցանց ռեժիմով՝ ԱՄՄՊ միջոցով, բացառությամբ այնպիսի գործընթացների, որոնց մասով Բյուրոյի գործադիր տնօրենի կողմից հաստատված են այլ էլեկտրոնային հարթակներ։ 
4. Սահմանվել է ԱՊՊԱ ոլորտում Ապահովադիրներին, Ապահովագրված անձանց և տուժողներին կատարվող ցանկացած վճարումների (ապահովագրական հատուցումներ, վերադարձման ենթակա ապահովագրավճարներ, կրկնակի փորձաքննության վճարների մասով վերադարձման ենթակա գումարներ, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագրերի սպասարկման գործընթացում առաջացած ցանկացած այլ վճարումներ) միասնական կարգ՝ անձանց նույնականացման հարցերն ամբողջությամբ ԱՊՊԱ ոլորտից տեղափոխելով բանկային համակարգ։ 
5. Սահմանվել է, որ Ապահովադրի, Ապահովագրված անձի և տուժողի պատշաճ էլեկտրոնային փոստի հասցեից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ԱՄՄՊ միջոցով կամ հաղորդակցման այլ եղանակներով Բյուրոյի և Ապահովագրողների միջև և փորձագետների հետ փոխանակված փաստաթղթերի՝ ստորագրության համար նախատեսված դաշտերում կարող է արտացոլվել միայն տվյալ անձի անունը (անվանումը), և նման փաստաթղթերը համարվում են տվյալ անձի կողմից փաստացի ստորագրված։ 
6. Ներդրվել է համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացնելու (կազմելու) գործընթաց, որի դեպքում ըստ էության հանվել է վարորդի կողմից պատահարի մասին ապահովագրողին հեռախոսազանգով տեղեկացնելու պարտավորությունը։ 
7. Հերթական փուլով նվազեցվել են ԱՊՊԱ ոլորտում փորձաքննությունների իրականացման ժամկետները. բոլոր տեսակի փորձաքննությունները գործող 7 օրից դարձվել են 5 օր, հետքաբանական փորձաքնությունները՝ 14-ից դարձվել են 10 օր։ 
8. Ստանդարտ հատուցման գործընթաց 2-ի դեպքում ներկայացման ենթակա, բայց դեռևս չներկայացված փաստաթղթերի ներկայացման համար սահմանված 3 ամիս ժամկետը փոխարինվել է 1 տարով։ 
9. Հստակեցվել է, որ տուժողի կողմից վերանորոգման տարբերակի ընտրության դեպքում վերանորոգումն իրականացվելու է փորձագիտական եզրակացության մեջ նշված կոնկրետ վերանորոգող կազմակերպությունում։ Ապահովադիրն իրավունք ունի պայմանագիր կնքելիս նախապես մոնիթորինգ իրականացնել տվյալ ապահովագրական ընկերության հետ համագործակցող վերանորոգող կազմակերպությունների ցանկը և այն հաշվի առնել ապահովագրական ընկերություն ընտրելիս։ Այսինքն ներդրվել է Ապահովադիրների կողմից ապահովագրական ընկերություններին ընտրելու ևս մեկ չափանիշ, այն է՝ վերանորոգող կազմակերպությունները, ում հետ համագործակցոմ է տվյալ Ապահովագրողը։ 
10. Սահմանափակվել է ԱՊՊԱ ոլորտում տուժողի կողմից ապահովագրական հատուցում ստանալու իրավունքի (պահանջի) այլ անձին փոխանցման հնարավորությունը։ 
11. Առաջին անգամ ելակետային տվյալների կազմում ներդրվել է անօդաչու թռչող սարքի միջոցով կատարված՝ պատահարի վայրի լուսանկարների (տեսագրության) հնարավորությունը, որը նախատեսվել է, որպես ավտոմեքենաների հետվթարային դիրքերի սխեմային այլընտրանք։ 
12. Սահմանվել է ելակետային տվյալների փոփոխման դեպքում պարտադիր լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու գործընթաց, եթե պահպանված են լրացուցիչ փորձաքննություն նշանակելու ժամկետները։ 
13. Կանոնակարգվել են դատական գործընթացներում ԴՍԱ-ի և ՀՊԱ-ի մասնակցության կարգավիճակները և կողմերի պարտավորությունները։ 
Կանոնների՝ համապատասխան փոփոխություններով ինկորպորացված տարբերակն այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահին կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 17.02.2020 12:43:30