Կանոնների գրանցում 07.08.2020 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հուլիսի 29-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված՝ Բյուրոյի կանոններում կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
Փոփոխված կանոնների անվանումը | Ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
«ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 | 29/07/2020 |
«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-004 | 29/07/2020 |
Կատարված փոփոխություններով
մասնավորապես՝
RL 1-003 կանոններում՝
1. Հստակեցվել են փորձագետի և հատուցման գործընթացում ներգրավված
անձանց միջև փոխկապակցվածության չափանիշները, մասնավորապես՝ իրավաբանական անձ համարվող
պատճառների փորձագետի ղեկավարները և իրավաբանական անձ համարվող պատճառների փորձագետի
կազմում աշխատող ֆիզիկական անձ փորձագետները այլևս չեն կարող միաժամանակ աշխատանքային
և (կամ) քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվել որևէ Ապահովագրողի կամ Բյուրոյի
հետ:
2. Սահմանվել է, որ պատճառների փորձագետի կողմից Բյուրոյին և
Ապահովագրողներին ներկայացվող գնային հրապարակային առաջարկը պետք է կլորացված լինի
մինչև մեկ հազար ՀՀ դրամը։
3. Որակավորում ստանալու վերաբերյալ դիմումում ավելացվել է փորձագետի
կամ վերանորոգող կազմակերպության հետ նամակագրության պաշտոնական էլեկտրոնային փոստի
հասցեի վերաբերյալ տվյալ:
RL
1-004 կանոններում՝
1. Սահմանվել է, որ Բյուրոյի
կանոնների խախտումներ հայտնաբերվելու մասին արձանագրության վերաբերյալ առարկությունների
և (կամ) բացատրությունների ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտից հետո երեք
ամսվա ընթացքում Բյուրոյի խորհրդի կողմից վերահսկվող սուբյեկտին կարգապահական պատասխանատվության
ենթարկելու մասին որոշում չկայացվելու դեպքում տվյալ խախտման գծով տվյալ վերահսկվող
սուբյեկտի նկատմամբ կարգապահական վարույթը դադարեցվում է և տվյալ խախտման գծով տվյալ
վերահսկվող սուբյեկտի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետագա գործողություններ
չեն իրականացվում։
2. Նախատեսվել է Կանոններով նախատեսված բոլոր փաստաթղթերը Հայաստանի
Հանրապետությունում ընդունելի էլեկտրոնային ստորագրության միջոցով ստորագրելու և վերահսկողության
սուբյեկտի պատշաճ էլեկտրոնային փոստի հասցեին ծանուցելու հնարավորություն։
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների ինկորպորացված տարբերակները տեղադրված են Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։