Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 09.06.2021 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունիսի 8-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաս¬տատ¬ված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումը, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի հունիսի 19-ին։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է RL 1-001 կանոններ հղմամբ, որտեղ փոփոխությունները և լրացումը ընդգծված են։ Կանոններում մասնավորապես կատարվել են հետևյալ հիմնական փոփոխություն¬ները` 

1. Գործող կանոններով սահմանված է, որ առցանց էլեկտրոնային եղանակով ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է անձամբ ապահովադրի կողմից։ Այսպիսի կարգավորումն իր մեջ պարունակում է որոշակի ռիսկեր՝ կապված ավտոմեքենայի վերաբերյալ կնքված ԱՊՊԱ պայմանագիրն անվավեր ճանաչելու հետ, ինչը մի կողմից կարող է առաջացնել ԱՊՊԱ պայմանագրերի կնքման առցանց համակարգի նկատմամբ վստահության նվազեցմանը և այս կարևոր գործիքի կիրառման շրջանակների փոքրացմանը, մյուս կողմից կարող է չարաշահվել ապահովագրական ընկերությունների կողմից՝ ապահովագրական հատուցումներից խուսափելու համար՝ մեծացնելով Երաշխավորման ֆոնդի բեռը։ Հաշվի առնելով հիշյալ ռիսկերը՝ սույն փոփոխություններով ուժը կորցրած է ճանաչվել վերոհիշյալ պահանջը, միաժամանակ սահմանվել է, որ առցանց էլեկտրոնային եղանակով կնքված ԱՊՊԱ պայմանագիրը բոլոր դեպքերում համարվում է անձամբ ապահովադրի կողմից կնքված՝ անկախ այն հանգամանքից, թե համապատասխան տվյալները փաստացի ում կողմից է մուտքագրվել, կամ պայմանագրի դիմաց վճարումն ում կողմից է կատարվել։ 
2. Կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ դիմումներն ապահովագրական ընկերության միջոցով ներկայացնելու մասին կարգավորման ներդրումից հետո ի հայտ են եկել խնդիրներ՝ կապված փորձագետներին ժամանակին վճարելու հետ։ Վերոնշյալ խնդրի կարգավորման նպատակով հստակեցվել է ապահովագրական ընկերությունների կողմից կրկնակի փորձաքննությունների դիմաց փորձագետներին ժամանակին վճարելու հետ կապված կարգավորումները՝ վճարման ժամկետ սահմանելով փորձաքննության պատվերը ստանալու ամսվան հաջորդող ամսվա տասնհինգը։ Միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ համաձայն Բյուրոյի կանոնների՝ կրկնակի փորձաքննության պահանջը ներկայացվում է ամենացածր գնառաջարկ ներկայացրած փորձագետին, այլևս անհրաժեշտություն չի առաջանում փորձաքննության պահանջ ներկայացրած անձի կողմից կրկնակի փորձաքննության գումարի պակաս մասով լրավճարելու կամ ավել վճարված գումարի դրական տարբերությունն ընկերության կողմից վերջինին վերադարձնելու համար (փորձաքննության նշանակման պահին արդեն հստակ է դրա դիմաց վճարման ենթակա գումարի չափը), ուստի այդ կարգավորումը կանոններից հեռացվել է։ 

Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դրա՝ այդ փոփոխություններով ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 09.06.2021 18:20:22